
«2024 թվականին շոշափելի արդյունք ենք գրանցել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում»․ Միրզոյան
Արտաքին գործերի նախարարության ջանքերը ուղղված են Հայաստանի շուրջ խաղաղ և կայուն միջավայրի ձևավորմանը։ Այս մասին պետական բյուջեի քննարկման նիստի ժամանակ հայտարարել է Արարատ Միրզոյանը։
Այս համատեքստում նա անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին։ 2024 թվականին շոշափելի արդյունք է գրանցվել կարգավորման գործընթացում՝ կապված միջպետական սահմանի սահմանազատման առաջին օրինակով։
Առաջիկայում, ըստ էության, կողմերը պաշտոնապես միմյանց կծանուցեն կանոնակարգի ուժի մեջ մտնելու վերաբերյալ, որից հետո արդեն 2024թ․ այս մնացած ժամանակահատվածում և 2025 թվականին մենք, հուսամ, և որևէ բան այս պահին խանգարող ինձ չի երևում, սահմանազատման աշխատանքները կշարունակվեն, բնականաբար որքան արագ և արդյունավետ, այնքան լավ, — ասել է Միրզոյանը։
Լուրջ առաջընթաց է գրանցվել նաև խաղաղության պայմանագրի կնքման գործընթացում։ Ադրբեջանի կողմից մերժվել են արդեն իսկ համաձայնեցված կետերով ստորագրել պայմանագիրը և դրանից հետո անդրադառնալ վիճելի հարցերին։ Սակայն բանակցությունները կշարունակվեն, և հնարավորինս արագ կկնքվի խաղաղության պայմանագիրը։
Կա ևս մեկ-երկու ձևակերպում, որոնց շուրջ աշխատանքները կշարունակենք, սա էլ բանակցային նորմալ գործընթաց է։ Պետք է զգուշավոր լավատեսություն հայտնեմ այն մասին, որ մոտ ապագայում մեզ կհաջողվի նաև համաձայնության գալ այդ մեկ-երկու ձևակերպումների շուրջ, որից հետո արդեն պայմանագիրը պատրաստ կլինի ստորագրման։