Մարմարիկում շարունակվում են անհետ կորած 2-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Մայիսի 4-ից անհետացած 2-ամյա երեխայի որոնման աշխատանքները մայիսի 15-ի վաղ առավոտից վերսկսվել են։ Այս մասին հայտնել են Ներքին գործերի նախարարությունից։
Փրկարար ծառայության, Ոստիկանության, ինչպես նաև կամավորների և Մարմարիկի բնակիչների մասնակցությամբ որոնումներն իրականացվում են բնակավայրում, հարակից տարածքներում, Մարմարիկ գետի երկայնքով ու Աղբյուրակի ջրամբարում։
ՆԳՆ-ի տվյալներով՝ որոնումներին ներգրավված է շուրջ 860 փրկարար (ներառյալ ջրասուզակներ և ծառայող շներ), 490 ոստիկան, ինչպես նաև տեղացիներ։ Աշխատանքներն առավել արդյունավետ դարձնելու համար օգտագործվում են անօդաչու սարքեր և ջրափրկարարական նավակներ։
Հիմնական բոլոր վարկածները ստուգվում են։ Ներկայում արդեն զրույց է տարվել ավելի քան 70 անձի հետ, ստուգվել է շուրջ 40 տրանսպորտային միջոց։ Որոնումները շարունակվում են։