Նախատեսվում է Իրանի մայրաքաղաքը տեղափոխել երկրի հարավ
Իրանի մայրաքաղաքը նախատեսվում է տեղափոխել երկրի հարավ՝ ավելի մոտ Պարսից ծոցին։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Նա նշել է, որ տնտեսական նկատառումներից ելնելով՝ անհրաժեշտ է մայրաքաղաքը տեղափոխել ափամերձ շրջաններ․
Որպես երկրի մայրաքաղաք՝ Թեհրանը մի շարք խնդիրներ ունի, որոնց միակ լուծում այն տեղափոխելն է։ Եթե մենք շարունակենք ռեսուրսները հարավից և ծովից բերել Թեհրան, այնուհետև դրանք վերածենք ապրանքների ու նորից հետ ուղարկենք նույն ճանապարհով, այն կթուլացնի մեր մրցունակությունը շուկայում։
Նախագահը նշել է նաև, որ մայրաքաղաքի տեղափոխությունից հետո նախ կտեղափոխվեն իշխանական մարմինները, որից հետո հնարավորություն կտրվի քաղաքացիներին նույնպես տեղափոխվել։
Մայրաքաղաքի տեղափոխումը քննարկվել է նաև նախկին իշխանությունների օրոք, քանի որ Թեհրանը ունի մի շարք բնապահպանական և տնտեսական խնդիրներ՝ սկսած հողերի աղտոտումից, ջրի սակավությունից մինչև երթևեկության ծանրաբեռնվածություն։ Սակայն մինչ այժմ տեղի ունեցած բոլոր քննարկումները անհաջողությամբ են ավարտվել։ Երկրի կենտրոնը շարունակում է մնալ Թեհրանը։