ՀայաստանՔաղաքականություն

Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է երկկողմ հանդիպումներ անցկացնել խաղաղության պայմանագրի կնքման համար

Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը հայտնել է, որ Հայաստանն Ադրբեջանին է առաջարկել երկկողմ ֆորմատով հանդիպումներ անցկացնել։

Վերջերս նման հայտարարությամբ հանդես էր եկել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նման առաջարկի հիմնական պատճառն այն է, որ քննարկվեն խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված կետերը։

Նիկոլ Փաշինյանը ավելի վաղ հայտարարել էր, որ խաղաղության պայմանագրի 16 հոդվածներից 13-ը համաձայնեցված են։ Հայկական կողմի նպատակն այն է, որ խաղաղության պայմանագրի համաձայնեցված կետերի շուրջ պայմանագիր կնքվի մինչ նոյեմբերի 11-ին սպասվող COP-29-ի գագաթնաժողովը, որը տեղի է ունենալու Բաքվում։ 

Սակայն, երկկողմ ֆորմատով հանդիպումները հավանական չեն, քանի որ տարածաշրջանի խնդիրների լուծմանը ներգրավված են ինչպես ԱՄՆ-ն, Արևմուտքը և Թուրքիան, այնպես էլ Ռուսաստանը, որը նոյեմբերի 9-ի փաստաթղթի երրորդ կողմն է եղել։

Երկկողմ ֆորմատում երրորդ ուժի բացակայության պայմաններում զսպող մեխանիզմի գործառույթ կատարող ուժ չի լինի, իսկ ադրբեջանական կողմը նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրումից հետո լայնածավալ գործողություններ սկսեց Արցախի նկատմամբ։