Տուգանային հարվածով գոլերի տարափ Աբովյանում․ «Նոան» գերխոշոր հաշվով հաղթեց «Ալաշկերտին»
Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրում Երևանի «Նոան» Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզադաշտում մրցեց «Ալաշկերտի» դեմ։
Ռուի Մոտայի սաները կարողացան 6 անպատասխան գնդակ ուղարկել Վալերիո Վիմերկատիի պաշտպանած դարպասը։
«Նոայի» կազում խաղի 20-րդ րոպեին հաշիվը 11-մետրանոցից բացեց Գոնսալո Գրեգորիոն։ Առաջին խաղակեսի վերջում երևանյան թիմը ևս երկու գոլ հեղինակեց․ տուգանային հարվածով 41-րդ րոպեին աչքի ընկավ Ուլադ Օմարը, իսկ ավելացված ժամանակի 3-րդ րոպեին՝ Էրալդո Չինարին՝ կրկին տուգանային հարվածով։
Երկրորդ խաղակեսում պորտուգալացի մասնագետի սաները ևս երեք գնդակ ուղարկեցին «Ալաշկերտի» դարպասը։ 56-րդ րոպեին Գոնսալո Գրեգորիոն մեկ անգամ ևս տուգանային հարվածով գոլ հեղինակեց՝ դառնալով դուբլի հեղինակ։
Խաղավարտին «Նոան» հաշիվը գերխոշոր դարձրեց․ 85-րդ րոպեին Մարկոս Պեդրոն խփեց թիմի հինգերորդ գոլը։ Հանդիպման վերջակետը դրեց Էրալդո Չինարին Ուլադ Օմարի փոխանցումից հետո՝ ձևակերպելով դուբլ։
Այս խաղից հետո «Նոան» ունի վաստակած 13 միավոր ու հինգերորդն է։ Աբրահամ Խաշմանյանի գլխավորած ակումբն ունի 6 միավոր ու նախավերջինն է մրցաշարային աղյուսակում։