Գործող չեմպիոնը հաղթեց, «Վեստ Արմենիան» տարավ երկրորդ հաղթանակը
Ֆաստեքս Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրում «Վեսթ Արմենիան» արտագնա խաղում հաղթանակի հասավ «Ալաշկերտի» նկատմամբ 2։0 հաշվով։
Պատրիկ Պապյանի գլխավորած ակումբը Վահագն Թումասյանի անվան մարզադաշտում հանդիպման հաշիվը բացեց երկրորդ խաղակեսում․ 69-րդ րոպեին Հաջի Դրամեի` անկյունայինի կատարած փոխանցումից հետո Յուսուֆ Ադեկունլ Իբրահիմը գլխի հարվածով առաջ մղեց իր թիմին։
13 րոպե անց Յուսուֆ Իբրահիմը հերթական գոլը հեղինակեց․ խորքից կատարված փոխանցումից հետո «Ալաշկերտի» ֆուտբոլիստի անփույթ խաղից օգտվեց հարձակվողն ու հաղթանակ պարգևեց «Վեստ Արմենիային»։ Նիգերիացի 24-ամյա հարձակվողի համար այս գոլը 2024/25 մրցաշրջանում 3-րդն էր 5 խաղից հետո։
«Վեստ Արմենիան» երկրորդ հաղթանակը տոնեց ու 6 միավորով 9-րդ հորիզոնականում է, նույնքան միավոր ունի նաև «Ալաշկերտը», որը 10-րդն է։
Օրվա մյուս խաղում գործող չեմպիոն «Փյունիկը» 3 անպատասխան գնդակ ուղարկեց Երևանի «Արարատի» դարպասը։
Հանդիպման հաշիվը բացեց «Փյունիկի» սան, 17-ամյա Սանի Բուհարին, ում համար այս գոլն առաջինն էր Ֆաստեքս Պրեմիեր լիգայի 2024/25 մրցաշրջանում։ Բուհարիին օգնեց գոլով աչքի ընկնել Ալեմաոն, ով առաջին արդյունավետ գործողությունը կատարեց նոր մրցաշրջանում։
Առաջին խաղակեսի փոխհատուցած 3-րդ րոպեին հարձակվող Սերժ Դեբլեն 11-մետրանոցից կրկնապատկեց «նռնագույնների» առավելությունը՝ խփելով իր երրորդ գոլը այս մրցաշրջանում։
Յուսուֆ Օտուբանջոն 71-րդ րոպեին հաշիվը դարձրեց խոշոր։ Գոլային փոխանցում կատարեց Ժոաո Պարեդեսը։
«Փյունիկը», վաստակելով 13 միավոր, այս պահին 4-րդն է, «Արարատը» նույնքան միավորով 5-րդն է։
