Երևանում կհեռացվի կենսունակությունը կորցրած 1250 ծառ
Մինչև 2024 թվականի ավարտը մայրաքաղաքում կշարունակվեն կենսունակությունը կորցրած ծառերի հեռացման և նորերով փոխարինման աշխատանքները: Այս մասին հաղորդագրություն է տարածել Երևանի քաղաքապետարանը։
Ընթացիկ տարում մասնագետների կողմից 1250 ծառահատման տոմս է հաստատվել: Դրանք հաստատվում են հատուկ մասնագետների կողմից։ Ներկա պահին շուրջ 800-ն արդեն իսկ հեռացվել է:
Առաջնահերթություն տալիս ենք այն ծառերին, որոնք բացի չորացած լինելուց նաև ունեն տապալման մեծ վտանգ։ Գաղտնիք չէ, որ Երևան քաղաքում միայն այս տարվա ընթացքում մենք 200-ից ավել արդեն հսկայական ծառերի տապալման դեպքեր ունենք, — նշել է «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պաշտպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը։
Աշնանային տունկը մեկնարկել է արդեն Երևանի մի շարք հասցեներում։ Ըստ Արմեն Բեգոյանի՝ հեռացվող ծառերի համեմատ նոր տնկվածները ավելի շատ են։