Մեկնարկել է Նոբելյան մրցանակաբաշխությունը
Հոկտեմբերի 7-ին մեկնարկել է Նոբելյան մրցանակաբաշխությունը։ Բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակի են արժանացել ամերիկացի գիտնականներ Վիկտոր Ամբրոսը և Գարի Ռուվկունը։ Նրանք հայտնաբերել են միկրոՌՆԹ-ն, որը վճռորոշ դեր է խաղում գեների կարգավորման գործընթացում։
Նրանց շրջադարձային հայտնագործությունը բացահայտեց գեների կարգավորման բոլորովին նոր սկզբունք, որը, ինչպես հայտնի դարձավ, էական նշանակություն ունի բազմաբջիջ օրգանիզմների, այդ թվում՝ մարդկանց համար, — ասված է հաղորդագրության մեջ:
Ամբրոսը Մասաչուսեթսի համալսարանի, իսկ Ռուվկունը՝ Հարվարդի բժշկական դպրոցի պրոֆեսոր է։ Վերջինս աշխատում է նաև Բոստոնի Մասաչուսեթսի ընդհանուր հիվանդանոցում։
2023 թվականին ֆիզիոլոգիայի և բժշկության բնագավառում Նոբելյան մրցանակը շնորհվել է հունգարացի գիտնական Կատալին Կարիկոյին և ամերիկացի Դրյու Վայսմանին՝ նուկլեինաթթուների հիմքերի փոփոխման ոլորտում իրենց հայտնագործությունների համար, որի շնորհիվ ստեղծված պատվաստանյութը օգնել է
COVID-19-ի դեմ պայքարում։
Այս տարի Նոբելյան մրցանակաբաշխությունը կանցկացվի հոկտեմբերի 7-11-ը։